Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

Արշակ 2-րդի քաղաքականություն

Արշակ II-ը եղել է Մեծ Հայքի արքա 350-368թթ-ին: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ II-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես I Մեծի և Արշակ II-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն: Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: Արշակ II-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն:
Երբ 359 թ-ին վերսկսվում է Պարսկաստանի և Հռոմի միջև պատերազմը, Հայաստանի սահմանները վտանգվում են պարսից կողմից, այդ իսկ պատճառով Արշակ II-ն ընդունում է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանում է Արշակին և 363 թ-ին դաշնագիր է կնքում Շապուհի հետ և ընդունում նրա առաջարկած պայմանները: Համաձայն դաշնագրի Հռոմը Պարսկաստանին է զիջում Արվաստանը, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը, Ռեիմենեն:
Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ն արշավել է Հայաստան: Քառամյա պատերազմի ընթացքում Արշակ Բ-ն պահպանել է Մեծ Հայքի սահմանները, իսկ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ հոների ու ալանների դաշնակցությամբ նույնիսկ ասպատակել է Ատրպատականը: Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների: Հաշտություն կնքելու պատրվակով, Արշակին հրավիրել է մայրաքաղաք Տիզբոն և բանտարկել Անհուշ բերդում: Այդտեղ էլ նա մահացել է:

Պապ թագավոր

Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Հռոմեական կայսրության օգնությամբ նա որպես արքա հաստատվում է Մեծ Հայքում։ Իսկ Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում թշնամու զորքերից և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնում։
Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։
Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։

Оставьте комментарий